Սյունիքում «Ջիպը» հայտնվել է Որոտան գետում. քույր ու եղբայր մահացել են. կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ, ով այս պահին վթարի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավոությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են «Ջիպը» և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։ Մահացածներից մեկին գետից դուրս են բերել փրկարարները։ Այս պահին էլ փորձում են վերամբաձ կռունկի միջոցով մեքենան դուրս բերել գետից, որպեսզի մյուս մահացածին էլ դուրս բերեն ավտոմեքենայից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները 21-ամյա Դավիթ Մկրտչյանն է և 19-ամյա Աստղիկ Մկրտչյանը, ովքեր Որոտան գյուղի բնակիչներ էին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


