Համանախագահները դեմ չեն, որ ԼՂ հիմնախնդիրը արծարծվի միջազգային կազմակերպություններում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ չեն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը արծարծվի միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում։ Ադրբեջանական Turan գորխակալությանն ու «Ամերիկայի ձայն»-ին այսօր տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում վերջերս ներկայացված երկու բանաձեւերին։ «Մենք պաշտպանում ենք այդ հարցը ցանկացած կերպ բարձրացնելու Ադրբեջանի եւ Հայաստանի իրավունքը։ Համանախագահները շեշտում են, որ ՄԽ բանակցային ձեւաչափն ուժի մեջ է մնում։ Մենք հույս ունենք, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին եւ կշարունակեն Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությունը»,- ասել է Ուորլիքը, ապա շարունակել,-«Երկարաժամկետ կարգավորման հասնելու համար մեր բանակցությունները հիմնվում են միջազգային իրավունքի՝ ՄԱԿ կանոնակարգի, Հելսինկիի եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության սկզբունքների, ինքնորոշման եւ ուժ չկիրառելու որոշումների վրա։ Հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը»։
