Ղրիմն Ուկրաինայի անբաժան մասն է. Դավութօղլու
Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցը Ուկրաինա, որի ընթացքում կայացել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ նրա հանսիպումը: Թուրքիայի վարչապետին Ուկրաինայում ուղեկցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը, տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Բինալի Յըլդըրըմը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը: Հանդիպման ընթացքում Դավութօղլուն եւ Յացենյուկը անդրադարձ են կատարել բազմաթիվ հարցերի: Մասնավորապես, ինչպես հայտնում է Gordonua-ն, Դավութօղլուն ասել է, որ Անկարան պատրաստ է Կիեւի հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի բերելու, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր ստորագրելը: Նաեւ՝ Դավոիթօղլուն Կիեւում հաստատել է, որ Թուրքիան Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժանելի մասը:
