Կստեղծեն Պալմիրայի 3D մոդելը
Պետական Էրմիտաժը կվերստեղծի ավերված Պալմիրայի վիրտուալ մոդելը Սիրիայի մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդեսում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նա տեղեկացրել է, որ կամավորները պատրաստվում են հուշարձանների 3D վերականգնմանը: Վիրտուալ Պալմիրան հիմնված է լինելու հնագույն քաղաքի պատմական ու ժամանակակից պահպանված ավերակների պատկերների վրա: Կվերականգնվի Պալմիրայի տեսքը մինչև ավերվելը: Պիոտրովսկին ասել է, որ տարբեր երկրների թանգարաններում Պալմիրայից ցուցանմուշների պահպանումը այժմ ձեռք է բերել հատուկ նշանակություն: «Չլինեին թանգարանները, ամեն ինչ մեկընդմիշտ կորցրած կլինեինք, կմնային միայն գրքերում գրված, իսկ դա արդեն նյութական չէ»,- ասել է Էրմիտաժի տնօրենը: Նրա կարծիքով, «կանգնելով սրահներում և ստանալով լավ բացատրություն, կարելի է ստանալ Պալմիրայի մասին նույն պատկերացումները, ինչ գտնվելով այնտեղ»:
