Ինչ չի արել նախկինում, խոստանում է հիմա
Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ որ առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչապատ Երևան: «Համոզված եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչապատ Երևան: Մեր նախընտրական ծրագրում մանկապարտեզների, մշակույթի տների, կրթական օջախների վերանորոգման շարունակությունն ենք իրականացնելու: Այս տարիների ընթացքում, լսելով նուբարաշենցիներին, միշտ բարձրացրել ենք հարցը, որ մեկ մանկապարտեզը քիչ է ու ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին: Մեր Նուբարաշենի փոքրիկներն արդեն առանց հերթ, հանգիստ կայցելեն մանկապարտեզ»,- ասաց Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսված է Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը լուծել: «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ, մենք կարողանալու ենք նորմալ սպասարկում իրականացնել: Սա անելու ենք ոչ թե մեկ-երկու երթուղիներ ավելացնելով, այլ համակարգը բարելավելով՝ միասնական տոմս, ամբողջությամբ թարմ ավտոբուսներ»,- հայտնեց Տարոն Մարգարյանը:
