Որոնք են աշխատաշուկայում տարածված խախտումները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպանը ներկայացրեց աշխատաշուկայում տարածված խախտումները: Ինչպես ասաց՝ դրանց շարքում են աշխատավարձերի ուշացում, աշխատավարձի ոչ ամբողջական վճարում, հանգստի իրավունքի խախտում, թաքնված զբաղվածություն։ Մասնագետը հորդորեց չաշխատել առանց գրանցման, քանի որ աշխատողի իրավունքը խախտվելու դեպքում չկա հիմք, որով նա կարող է իր իրավունքները պաշտպանել: «Եթե աշխատողը գրանցված չէ, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը պաշտպանված չէ: Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությունը՝ ոչ պետական պաշտպանության միջոցներով, այսինքն՝ արհմիություններով իրականացնելը հեռու է լիարժեք լինելուց: Այստեղ շատ անելիքները կան, և պետության խնդիրն է բարձրացնել արհմիությունների դերը, որպեսզի աշխատողներն իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանելուց բացի, աշխատանքային հարաբերությունները կարգավորեն նաև արհմիությունների միջոցով»,- ասաց նա:
