«Դղյակ»-ի տիրոջ սպանության գործ. հայտնի է սպանության դրդապատճառը
Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի աղմկահարույց սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Մովսիսյանը 2016թ. մայիսի 14-ին, ժամը 12:00-ի սահմաններում անձնական դրդապատճառներով վիճաբանել է Գուրգեն Ավետիսյանի հետ, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած գործով չպարզված տեսակի ատրճանակի գործադրմամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել ու սպանել է նրան: Արա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ այս գործով ի սկզբանե ձերբակալվել էր Գուրգեն Ավետիսյանի մանկության ընկեր Արմեն Փափազյանը,, որն աշխատում է Շիրակի հարկային տեսչությունում: Ավելի ուշ, սակայն, նա ազատ արձակվեց եւ նրա փոխարեն գործով որպես մեղադրյալ ներգրավվեց Արա Մովսիսյանը:
