Ալբանիայում նոր նախագահ են ընտրել
Reuters-ը գրում է,որ Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ,չնայած ընդդիմությունը խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշում է ունեցել: Ավելի վաղ ապրիլին երեք անգամ խորհրդարանը փորձել էր ընտրել երկրի նախագահին, սակայն փորձերը տապալվել էին, քանի որ նիստերի արդյունքում ոչ մի թեկնածու չէր առաջադրվել:Երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների երեք հինգերորդը, այսինքն ոչ պակաս քան 84-ը 140-ից: Ապրիլի 28-ի քվեարկության ժամանակ Իլիր Մետայի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, որոնց մեծ մասը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են:Ալբանիայի նոր նախագահը 48 տարեկան է: Նա զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:Երկրի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները` մեղադրելով իշխող կոալիցիային կոռուպցիայի և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:
