Գնդակոծել են Բաղանիսը
Տավուշի մարզի Բաղանիս գյուղը ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: «Գնդակոծությունը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան՝ 21:00-23:00-ն, գիշերը խաղաղ է եղել: Վնասները նյութական են՝ տանիքներ, պատուհաններ, ավտոմեքենա. փառք Աստծո, մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք, հիմա էլ առօրյա հոգսերով ենք զբաղված», ասաց համայնքի ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ գնդակոծությունների ժամանակ, այս անգամ եւս գյուղապետարանի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվելու է վնասների փոխհատուցման հարցերով: «Ճշտումներ են կատարվում եւ վնասների չափն է ներկայացվում: Մինչեւ հիմա նման դեպքերի ժամանակ մարզպետարանի, կառավարության կողմից նորմալ փոխհատուցվել են, որեւէ դժգոհություն չկա: Այս պահի դրությամբ հանձնարարվել է հաշվել վնասների չափերը», եզրափակեց Նարեկ Սահակյանը:
