Պարգևատրում Ալիևին` ապրիլյան պատերազմ սկսելու համար
Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Զենքն ու զինտեխնիկան Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով, թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում, սակայն տարածած տեսագրությունում և լուսանկարներում երևում են զրահամեքենաներ։ Բացի այդ, զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ։ Նրանք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը սկսել է ակտիվորեն ռուսական զենք գնել 2000-ականների սկզբից, 2003թ. Մոսկվան և Բաքուն կնքել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակում այնուհետ ստորագրվել են զենքի մասին բազմաթիվ պայմանագրեր։ Ամենախոշոր գործարքը Ադրբեջանը կնքել էր Ռուսաստանի հետ 2010-ին, որի շրջանակում Բաքուն շուրջ 4 միլիարդ դոլարի զենք է ու զինտեխնիկա էր գնել Մոսկվայից, այդ թվում՝ 100 հատ T90C տանկ, մի քանի տասնյակ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգեր։ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցություն հաջող կերպով զարգանում է, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը: «Մենք մշտական շփումների մեջ ենք գտնվում ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, լավ և հաջող կերպով զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Վելիևը՝ մեկնաբանելով Ադրբեջան ռուսական սպառազինության և տեխնիկայի վերջին օրերի մատակարարումները: Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանի կողմից ստանալու էր սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, արդեն պարզ էր ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց, երբ Պուտինը Բաքու գործուղվեց հանրահայտ Ռոգոզինին, որն էլ զբաղվում է զենքի առքուվաճառքի գործարքներով: Ամբողջ խնդիրն այն է, որ այս փուլում Մոսկվան իր ձեռքն է վերցրել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում «դիրիժորի» դերը, և մի կողմից պահում է բանակցողների նկատմամբ ազդեցությունը, մյուս կողմից զինում Ադրբեջանին, ինչն ուղղակիորեն նշանակում է` ճնշել հայկական կողմին: Ընդ որում` ուշագրավ է, որ ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի ստացման մասին տեղեկատվությունը ի հայտ է գալիս, փաստորեն, Մոսկվայում կայանալիք եռակող հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ: Խոսքը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` այսօր կայանալիք հանդիպման մասին է: Այսպիսով, Ռուսաստանը Հայաստանին քաշում է մի վտանգավոր խաղի մեջ: Մի կողմ են դրվում Վիեննայի պահանջները, ու կարծես հայկական կողմն էլ սկսել է դրանց մասին առանձնապես չբարձրաձայնել, ու այս մթնոլորտում Մոսկվան շարունակում է «աջակցել» կողմերին` բանակցությունների կազմակերպման հարցում: Իսկ Ադրբեջանը, փոխանակ պատժված զգար ապրիլյան պատերազմից հետո` դեռ պարգևատրվում է Մոսկվայի կողմից: Ահա, թե ինչպես է ստացվում, որ ռազմական հավասարակշռությունը խախտվում է, և խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի` Ռուսաստանի թեթև ձեռքով: Թամար Բագրատունի
