Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը ճանաչվել են տուժող
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ: Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
