Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանությունում իմ մեղքը չեմ տեսնում.Սիմոն Բաբայան
Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանությունում իմ մեղքը չեմ տեսնում: Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Երվանդ Վարոսյանը և մի շարք այլ փաստաբաններ երկարատև ժամանակ իրենց սոցիալական էջերում բազմաթիվ անգամ հրապարակավ վիրավորել են ինձ և փաստաբանական պալատի աշխատակիցներին,լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը : «Վիրավորանքների պատճառը իմանալու համար ցանկացա հանդիպել Տիգրան Աթանեսյանի հետ և պարզաբանում պահանջել նրանից: Արսեն Հարությունյանի հետ գնացինք Տիգրան Աթանեսյանի գրասենյակ, որտեղ վերջինս շարունակեց նույն կերպ վիրավորել անձս և ընտանիքս, այնուհետև սկսեց հարվածներ հասցնել, որից հետո տեղի ունեցավ քաշքշուկ: Վիճաբանության հետևանքով ես և Արսեն Հարությունյանը ստացանք մարմնական վնասվածքներ»,- ասաց Սիմոն Բաբայանը: «Հուսով եմ, իրավապահ մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն, և մեղավորները իրենց պատիժը կկրեն: Բացի այդ, պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել ոստիկանության ծառայություն, որպեսզի նախապատրաստվող նյութերը տեղափոխվեն քննչական մարմին»,- նշեց տնօրենը:
