Գալիս ենք վերցնելու Արգիշտի 1-ը .«Երկիր Ծիրանի»
«Մենք գալիս ենք Արգիշտի 1-ը վերցնելու, մենք չենք գալիս որեւէ տեղ զբաղեցնելու:Մեր կուսակցության ծրագրերում առաջնային է կոռուպցիայի դեմ պայքարը, Երեւանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը, ինչպես նաեւ տրամվայների վերականգնումը»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Ավետյանը: «Կուսակցությունում գիտեն, թե ինչպես պետք է իրագործեն ծրագրեր: Մեր ծրագրերի իրագործման երաշխավորը Զարուհի Փոստանջյանն է: Զարուհի Փոստանջյանն իր քաղաքական կենսագրությամբ բազմիցս ապացուցել է, եւ բոլորս ականատեսն ենք եղել, որ նա պայքարել է անարդարությունների դեմ, իր պայքարի արդյունքում վերականգնել է շատ ոլորտներում արդարությունը, ուրեմն իսպառ կվերացնի կոռուպցիան մեր մայրաքաղաքում»,-ասաց նա: «Տրամվայների վերականգնման ծրագրային դրույթը անիրատեսական չէ, եւ ներդրումների ներգրավման դեպքում հնարավոր է տրանսպորտի այդ տեսակի գործունեությունը վերականգնել։ Նրանք, ովքեր ներդրումներ են անում հայրենիքում, էդ մարդիկ ներդրումներ միշտ արել են, բայց գումարները, որոնք ներդրվել են բարելավման համար, չեն օգտագործվել կոնկրետ նպատակի համար։ Որեւէ մեկը չի կարող կասկածել, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը թույլ կտա որեւէ ապօրինություն»,-ասաց նա:
