Միքայել Հասրաթյան.Երևանցու կերպարը չկա, որ պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը
«Չորրորդ իշխանության» զրուցել է վերջերս Սիրահարների այգում բացված «Սիրո միություն» արձանի ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ: - Դուք ժամանակին զբաղեցրել եք Երևանի ճարտարապետի պաշտոնը, ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխություններ է կրել մայրաքաղաք Երևանը։ - Կյանքը շարունակվում է։ Խնդիրներ կան բնակաֆոնդի հետ, որը պետք է նորացվի, բայց Երևանի հիմնական խնդիրները երևանցիներն են, որովհետև Երևանը կայացած քաղաք չէ։ Երևանում միգրացիոն պրոցեսները շարունակվում են, իսկ քաղաքացին որպես այդպիսին չի ձևավորվել։ -Ըստ Ձեզ՝ վերջին հինգ տարիներին ի՞նչ զարգացումներ են նկատվում մայրաքաղաքում։ - Երևանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել՝ բարեկարգման աշխատանքներ, այգիների տնկում, մանկական խաղահրապարակներ են տեղադրվել, նոր ճանապարհեն են կառուցվել, իրականացվում են ծառատունկի ու կանաչապատման աշխատանքներ, իսկ ամբողջ քաղաքը ծաղիկներով է ողողված։ - Բազմիցս խոսվում է Երևանի դիմագիծը աղճատելու մասին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Երևանի քաղաքապետարանը քաղաքի ճարտարապետական տեսքը անաղարտ պահելու համար։ - Երևանը մի քանի հազար տարվա քաղաք է։ Երևանի տարածքում կան հին բնակավայրեր՝ Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուրը, բայց ափսոսանքով պետք է արձանագրենք, որ առ այսօր երևանցու կերպարը ձևավորված չէ։ Այսօր սակավաթիվ է այն մարդկանց քանակը, ում պապերը ծնվել են այս քաղաքում և ում հիշողությունները կապված են հենց Երևանի հետ։ Երևանցու կերպարը չկա, որ պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը, որը ի սրտե հոգում է քաղաքի համար։ Միգրացիոն պրոցեսների դեպքում այն, ինչ-որ թանկ է մեկի համար, մյուսի համար արժեք չի ներկայացնում։ Բիզնեսը զարգանում է, մարդիկ ներդրումներ են անում, ինչ-որ բան են ուզում փոխել, մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, արժեքների կոնֆլիկտ կա։ Դրա համար այս պրոցեսը կարելի է ուղղորդել, բայց հնարավոր չէ կազմակերպել, որ մի ուղղությամբ գնա, սա կարծում եմ ժամանակի մեջ լուծվող խնդիր է։
