Ադրբեջանական իշխանությունների արձագանքը ԵՄ-ին
«Ժողովուրդը» գրում է. «Մինչ տարբեր տրամաչափի եվրոչինովնիկներ հայտարարում են Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի անցման հեռանկարի հավանականության մասին, մինչ Եվրամիության երկրները մանդատ են տալիս՝ Ադրբեջանի հետ համապարփակ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցելու համար, այդ երկիրը, դեռեւս խորհրդային տարիներին հայտնի կարգախոսի բառերով ասած, «լայն քայլերով» գնում է դեպի բռնապետություն: Ի թիվս մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ակնհայտ ոտնահարման այլ աղաղակող դեպքերի, Ալիեւի վարչակազմը հիմա էլ դատական կարգով է ձեռնամուխ եղել իր համար անցանկալի էլեկտրոնային լրատվամիջոցները լռեցնելուն: Մասնավորապես երեկ Բաքվի Սեբայիլի շրջանային դատարանը սկսել է քննել տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցը, որով կառավարությունը պահանջում է արգելափակել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային էջը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
