ԵԽԽՎ-ն դիմավորել է Իսպանիայի թագավորին
Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը Բազմաթիվ լրատվամիջոցներ գտնվում են ԵԽԽՎ-ում, վեհաժողովի նստավայրում եռուզեռ է: Այսօր վեհաժողով այցելեց նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը: Նրա հրաժարականին պատգամավորները ժամ առ ժամ սպասում են: Մինչ թագավորի այցը Ագրամունտը շրջում էր նիստերի դահլիճի նախասրահում, փորձում պատվիրակների հետ որոշ մտքեր փոխանակել, սակայն առանձնապես ջերմ ընդունելության չէր արժանանում: ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերում արդեն վստահություն են հայտնում, որ Իսպանիայի թագավորի այցից հետո` վաղը` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը, Ագրամունտը հրաժարական կտա: Հիշեցնենք, որ հայտնի պրո-ադրբեջանական լոբբիստի համարում ունեցող Պեդրո Ագրամունտը սկանդալի կենտրոնում է հայտնվել մարտին՝ Սիրիա կատարած այցելության պատճառով. Պեդրո Ագրամունտը ռուսաստանցի պատգամավորների ուղեկցությամբ Մոսկվայից մեկնել էր Սիրիա, այցելել ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա, որից հետո հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Հիշեցնենք, որ նաև ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, իսկ ոմանք նույնիսկ հրաժարական են պահանջել Ագրամունտից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում։ Իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված է եղել ներողություն հայցել՝ նշելով, որ այցելությունը սխալ էր։
