«Նորից դեժավյուի գիրկն ընկանք». Մուկուչյանը ՝Զուրաբյանին
ՍԴ-ում այսօր կրկին շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այսօր արդեն քննարկման երրորդ օրն է: Այժմ դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հարցեր է ուղղում պատասխանող կողմին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Լևոն Զուրաբյանը տարօրինակ է համարում, որ 2008 թվականից 2017 թվականի ընթացքում ընտրողների ցուցակներում ավելացել են շուրջ 400 հազար ընտրողներ: «2012 թվականի ցուցակը 2008 թ-ի ցուցակի հետ համեմատելիս հայտնաբերում ենք մոտ 232 հազար մարդկանց անուններ, որոնց մուտքը չի կարող բացատրվել այն հանգամանքով, որ նորանոր ընտրողներ են հայտնվում, որոնց մուտքն ընտրացուցակ ընտրական տարիքին հասնելով հիմանվորված չէ», - ասաց Զուրաբյանը: Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը արձագանքեց.«Նորից դեժավյուի գիրկն ընկա՞նք, մենք հիմա 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ ենք խոսում»: Լևոն Զուրաբյանը շարունակեց իր հարցադրումները և նշեց, որ կարևոր է, որ ինքն այստեղ ճշմարտությունը բացահայտեցի: «Դուք ինչպե՞ս եք բացատրում այն ֆենոմենը, որ տարիներ շարունակ բնակչությունը պակասում է և պաշտոնական մասնակցության թիվն՝ աճում»,-շարունակեց Զուրաբյանը: Տիգրան Մուկուչյանը շարունակեց պնդել, որ այստեղ ոչ մի անօրինական և զարմանալի բան չկա՝ նշելով, որ ընտրություններից 40 օր առաջ ցուցակները հրապարակված են եղել, ուստի բավականին ժամանակ է եղել դրանք ուսումնասիրելու և անճշտություններ հայտնաբերելու դեպքում բարձրաձայնելու համար:
