Մուկուչյանը դեժավյուի զգացողություն չունի
«Բարձր դատարան, սիրելի ժողովուրդ, այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում: 2012-ին ես ներկայացնում էի հենց այս դահլիճում ՀԱԿ դաշինքի դիմումը ՍԴ- ում՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցում: Հինգ տարի անց մենք նորից գտնվում ենք այս դահլիճում՝ նույնաբովանդակ հարցում»,- ՍԴ-ում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանն այսպես էր սկսել իր ելույթը: Հարցին, թե արդյոք դեժավյուի զգացում չունի՞, քանի որ 5 տարի առաջ նույն կերպ ընտրությունների արդյունքները վիճարկվում էին Սահմանադրական դատարանում ,Տիգրան Մուկուչյանը ասաց. «Իհարկե, նման զգացողություն չկա, որովհետև մենք այժմ գործ ունենք մի դիմումի հետ, որը որևէ աղերս չունի երբևէ ներկայացված որևէ այլ դիմումի հետ։ Հիմնազուրկ, ապացույցներից զուրկ դիմում է»: Ըստ նրա՝ նման դիմում երբևէ ներկայացված չի եղել Սահմանադրական դատարան: Մուկուչյանը վստահություն հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն այնքան թափանցիկություն է ապահովել, որ որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ ընտրությունների արդյունքներն այն են, ինչ արձանագրվել է։ Մեր դիտարկմանը՝ այսինքն Դուք վստահ եք, որ ապրիլի 2-ի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ, Տ. Մուկուչյանը պատասխանեց. «Այո, առավել քան»։ Դիտարկմանը, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը պատրաստվում է նաեւ ՄԻԵԴ դիմել, դուք անհանգստանալու բան չունե՞ք՝ նա պատասխանեց, որ թող դիմեն: Հարցին՝ երեկ Տիգրան Եգորյանը ընտրախախտումներ նշեց, որ անվճար վառելափայտ են թեկնածուները բաժանել, վարսահարդարման ծառայություններ են եղել, ատամի բուժման եւ այլն, դրանք նույնպե՞ս հիմնազուրկ են՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք տարբեր կայքերից հավաքած փաստեր էին, որի վերաբերյալ դատախազությունը իր խոսքում կներկայացնի:
