Մետրոյի երկու կայարանի կառուցման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար, մեկի համար՝ 120-130 մլն դոլար
Հարցազրույց Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ավագանու թեկնածու ՆԱՐԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ -Ասվում է, թե այս քարոզարշավին ՀՀԿ-ն դուրս է եկել ավելի քիչ թիմակիցներով ու նկատելիորեն պասիվ է. այդպե՞ս է: -Ամենեւին, պասիվություն չկա, ճիշտ հակառակն է: Հանրապետականը քարոզարշավի է դուրս եկել շատ ավելի վստահ, քանի որ մենք երեւանցիներին ներկայացնելու շատ աշխատանքներ ունենք: Ու դա է մեզ վստահություն ներշնչում: Բացի մեր կատարած աշխատանքները ներկայացնելուց, երեւանացիներն էլ տեսնում են, չէ՞, թե այս տարիներին որքան գործ է արվել։ Անզեն աչքով էլ դա տեսանելի է: Մենք արդեն եղել ենք քաղաքի երեք վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Էրեբունիում: Երեւանցիների հետ մեր շփումները հետաքրքիր ու բովանդակալից են անցնում: Իհարկե մեզ ուղղվում են նաեւ տարբեր հարցեր, դեռեւս կան դժգոհություններ «Սանիտեքի» աշխատանքից, վերելակների վիճակից, նաեւ տրանսպորտից, տրվում են առողջապահական ու մանկապարտեզների հետ կապված հարցեր, մասնավորաբար դժգոհում են հերթագրումից: -Անդրադառնանք ընդդիմադիրների խոստումներին. «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չի դադարում հայտարարել, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում 5 տարում Աջափնյակ վարչական շրջանում կկառուցի մետրոպոլիտենի եւս մեկ կայարան։ Իրատեսական համարո՞ւմ եք այս խոստումը: -Իհարկե՝ ոչ: Դեռ ԽՍՀՄ տարիներին նախատեսված էր, որ Աջափնյակ տանող ուղղությունը պետք է ունենա երկու կայարան՝ մեկը Հանրապետական հիվանդանոցին կից, մյուսը՝ Չավուշի հրապարակին: Բաղրամյան-Աջափնյակ ճյուղի կառուցումը սկսվեց այդ տարիներին, բայց կառուցվեց ընդամենը 2 կիլոմետրանոց թունելային հանգույց, աշխատանքներն ընդհատվեցին ԽՍՀՄ փլուզմամբ ու այլեւս չվերսկսվեցին միջոցների սղության պատճառով: Աշխատանքի զգալի մասն արված չէ, մասնագետների կողմից հաշվարկված է՝ երկու կայարանի կառուցման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար, մեկի համար՝ 120-130 մլն դոլար: -Մինչդեռ ձեր ընդդիմախոսները հակադարձում են՝ 20-30 միլիոնը բավարար կլինի մեկ կայարան կառուցելու համար: -Ասելով չէ, կան մասնագիտական նախահաշվարկներ, կա ծրագիր: Սխալ է նման պնդում անելը: Տեղանքի բարդությունը պետք է հաշվի առնել, Երեւանը կառուցված է բազալտի հաստ շերտերի վրա, մեկ թունել փորելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Բայց, դրանով հանդերձ, մետրոյի նոր կայարանների կառուցումը մշտապես եղել է եւ կլինի Երեւանի զարգացման ծրագրերում: Տարոն Մարգարյանը եւս մեծ ցանկություն է ունեցել վերսկսել մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները, այժմ էլ նախահաշվարկային փաթեթը դրված է քաղաքապետի սեղանին: Սակայն իրավիճակը սթափ գնահատելով, վերլուծելով ֆինանսական սուղ պայմանները՝ քաղաքապետը համարեց, որ Երեւանի համար կան առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր, եւ միայն առաջնային հարցերի լուծումից հետո կարելի է խոսել մեծ ծախսեր պահանջող մետրոպոլիտենի շինարարության մասին: Իսկ առաջնահերթությունների մեջ, նախ, վերգետնյա հանրային տրանսպորտային ցանցի բարելավումն է: Քանի դեռ այն չունենք, որքանո՞վ է նպատակահարմար հսկայական գումարներ ուղղել Աջափնյակ համայնքի մետրոպոլիտենի կառուցմանը, որից հիմնականում կօգտվի այդ վարչատարածքի բնակչությունը: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
