Ինչ է խոստանում Փաշինյանը
Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստանում է ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առնվազն երկու վարչական շրջանների ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Սիրելի երևանցիներ, դուք գիտեք, որ Երևանի քաղաքապետը քաղաքը կառավարում է վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ, իսկ նրանց նշանակում է քաղաքապետը: Մեր թիմում կան Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, սակայն ես ցանկանում եմ, որ դուք էլ մասնակից լինեք այս գործընթացին: Այժմ ես գտնվում եմ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թաղապետարանի մոտ և առաջարկում եմ այս ուղիղ եթերի մեկնաբանու թյուններում գրեք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ձեր թեկնածուներին: Առաջիկայում նման ուղիղ եթերներ ունենալու եմ Երևանի բոլոր վարչական շրջաններում և օգտատերերը մեկնաբանություններում կկարողանան բոլոր վարչական շրջաններում առաջարկել ղեկավարի իրենց թեկնածուներին: Ես կարող եմ խոստանալ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված լավագույն թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների ընտրություններում մեր հաջողության դեպքում Երևանի քաղաքապետարանի համակարգում անպայման աշխատանք կստանան և հնարավորություն կունենան մասնակցելու մայրաքաղաքի զարգացմանը»,- ասել է Երևանի քաղաքապետի թեկնածուն:
