Մուկուչյանն ու Զուրաբյանը վիճեցին.«Էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ»
Սահմանադրական դատարանում շարունակվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ: Լեւոն Զուրաբյանը նիստի ժամանակ պատասխանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցին՝ տեսանկարահանման մասին: Նա ասաց, որ ժամը 7-ից մինչեւ ժամը 1-ը տեղամասերից համացանցային հեռարձակումը խափանվել է, չի աշխատել, թեեւ մեկ օր առաջ փորձարկվել են եւ շատ էլ լավ աշխատում էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փորձեց միջամտել եւ պատասխանել, Լեւոն Զուրաբյանը ցուցամատը տնկելով՝ ասաց. «Խնդրում եմ չմիջամտել»: Առանց մատի` Զուրաբյանին դիմեց ԿԸՀ նախագահը, ինչին ի պատասխան Զուրաբյանն արձագանքեց. «Խնդրում եմ ինձ նկատողություն չանել, թե ես ինչպես պետք է այստեղ խոսեմ: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ»: Վիճաբանությանը միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Պարոն Զուրաբյան, ես ձեզ զրկում եմ ձայնից: Կներեք, եթե այդպես շարունակեք, ես ստիպված այստեղ կդնեմ քննարկման: Չի կարելի: Հարցին պատասխանեք: Եթե պատասխան չունեք, մի պատասխանեք, պատասխան ունեք՝ ներկայացրեք պատասխանը»:
