«Չի կարելի այն ընդունել որպես վերջնական». Կիրո Մանոյան՝ Թրամփի հայտարարության մասին
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը շարունակվեց նույն թափով, ինչ 100-րդ տարելիցի ժամանակ էր: «Միջազգային բոլոր լրատվամիջոցները խոսում են ցեղասպանության փաստի մասին և Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ, և այլևս չեն օգտագործում «հայերի տեսանկյուն» բառակապակցությունը»,- նշեց Մանոյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձին` Մանոյանը նշեց, որ թեև Դոնալդ Թրամփը շարունակեց նախորդ նախագահների քաղաքական գիծը, սակայն իմանալով նրա անկանխատեսելի խառնվածքը չի կարելի այն ընդունել որպես վերջնական: «Հայոց ցեղասպանության հարցը կախված է, թե ինչ հարաբերություններ կունենա ԱՄՆ-ն Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ: Ամերիկացիները այդ հարցը դիտարկում են ավելի մեծ խնդիրների համատեքստում»,- փաստեց Մանոյանը:
