Տարոն Մարգարյանի դռան առջեւ պետք է բողոքի ցույցեր անեին. Զ.Փոստանջյան
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամները` Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, շրջել են Շենգավիթ վարչական շրջանում: Սուրճ վաճառող կինը, պատասխանելով Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցին` ինչ կուզեք, որ փոխվի Երևանում, զայրացած հայտարարել է. «Ինչքան էլ ցանկանանք ոչ մի բան չի փոխվելու: 67 տարեկան կին եմ, կանգնել եմ փողոցում սուրճ եմ եփում, որ տանեմ, տան վարձը տամ: Բնակարանի հերթ եմ եղել, բնակարան չունեմ: Էդքան տարի աշխատել եմ, 30 հազար թոշակ են տալիս, ես դրանով ո՞նց ապրեմ: Ամեն ընտրության մասնակցել եմ, բայց ի՞նչ: Սաղ իրանց հերթին ասում են` ընտրեք ինձ, լավ կլինի, ո՞ւր ա: Ես ոչ մեկին էլ չեմ հավատում»,- ասել է կինը: Ավագանու ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված մտավորականներն ինչ-որ ազդեցության տակ են,ասում է Փոստանջյանը: «Այս տարիների ընթացքում նրանք, ընդգրկված լինելով ավագանու մեջ, չեն կարողացել եւ չեն էլ ցանկացել ազդել որոշումների կայացման վրա, դրա մասին են վկայում չարաշահումներն ու Երեւանում մշակութային ժառանգության վերացումը: Եթե նրանք, իրոք այն մտավորականներն են, ում սիրտը ցավում է Երեւանի համար, ապա նրանք դա պետք է թույլ չտային, ընդհուպ, մինչեւ Տարոն Մարգարյանի դռան առջեւ բողոքի ցույցեր անելով, եթե նույնիսկ ՀՀԿ ցուցակով են մտել ավագանի, կարող էին կանխել»,- ասաց Փոստանջյանը:
