Հայիթիի վարչապետի ավտոշարասյունը`մահվան ելքով վթարի մասնակից
Associated Press գործակալությունը հայտնում է,որ Հայիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանի ավտոշարասյան մեքենաներից մեկը երկրի հարավարևմտյան Լե-Կե քաղաքում հարվածել է երկու դեռահասի,որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Գործակալության հաղորդմամբ՝ դեռահասներն ընթանալիս են եղել մոտոցիկլետով։ Վիրավոր դեռահասին ուղղաթիռով տեղափոխել են երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս։ Թե ինչն է դարձել վթարի պատճառ, հայտնի չէ։ Չի բացառվում, որ կառավարական մեքենաներն ընթացել են արագության զգալի գերազանցմամբ։ Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ավտոշարասյունը կանգ չի առել։ Դա առաջացրել է տեղի բնակիչների վրդովմունքը։ Ի նշան բողոքի՝ նրանք սկսել են անվադողեր այրել։ Վարչապետն ուղևորվում էր Հայիթիի հարավ-արևմուտք, որտեղ հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են մի քանի շրջաններ։
