Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. վերապրողների սփյուռքահայ ժառանգների կոչը Ծիծեռնակաբերդից
Թուրքիան վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցի հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ Վինսենթ -Արմենակ Նյողեն: «Իմ մայրը հայ է, ես ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից եմ: Ուզում ենք, որ պարոն Էրդողանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք այստեղ ենք դրա համար»,- ասաց նա: Վինսենթ-Արմենակ Նյողեի հետ միասին Ծիծեռնակաբերդում էր նաև Հայ-էմիրատական գործարարների ասոցիացիայի փոխնախագահ Րաֆֆի Սեմերջյանը, ով նշեց, որ այստեղ են ցույց տալու իրենց պահանջատիրությունը: «Այսօր մեզ համար սգո օր չէ, քանի որ մեր ժողովուրդը վերապրել է, այսօր ունենք հայրենիք, հանրապետություն ունենք. դա ամենակարևորն է, երկրորդ՝ մենք եկել ենք նշելու մեր պահանջատիրությունը: Մենք պետք է մեր նպատակին հասնենք անկախ ժամանակի հանգամանքից՝ լինի 10 տարի, 100, թե 200. մենք ունենք պահանջներ՝ Ցեղասպանություն ճանաչում, վնասների հատուցում: Այսօրվա մեր ուղերձը սա է»,-ընդգծեց Րաֆֆի Սեմերջյանը: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:
