Ցուցարարի արարքը վերաորակելու հիմքեր դատախազությունը չի տեսնում. ՀՔԱՎ
2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու մեղադրանքով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու մասին վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս բարձրաձայնել է: Պաշտպանը հանդես է եկել դրա վերաբերյալ միջնորդություններով՝ հիմնավորելով այն հանգամանքը, որ Հրաչյա Բոյաջյանի և մյուս ցուցարարների գործողությունները չեն առնչվել ոստիկանների՝ ծառայողական պարտականությունների կատարմանը, ավելին՝ ոստիկաններն իրենք են իրենց վարքով հրահրել քաղաքացիներին՝ իրենց ամրակցված զենքերով ստեղծելով վախի մթնոլորտ և հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադիր է համարում իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործողությունների առկայությունը: Ինչը ենթադրում է, որ տվյալ դեպքում հոդվածը կիրառելի չէ, առավել ևս, որ ցուցարարների բողոքն ուղղված է եղել միայն «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո գնդի հարակից թաղամասերում գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը և երթուղային տրանսպորտի աշխատանքի անհիման դադարեցման դեմ, և նրանց գործողությունների արդյունքում որևէ անձի կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ գործի քննության ողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել: Ինչ վերաբերում է «մեղադրանք» հասկացությանը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով, ապա Օրենսգիրքը մեղադրանք է համարում որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման հիմնավորումը, սակայն տվյալ դեպքում Հրաչյա Բոյաջյանին վերագրված մեղադրանքը առհասարակ չի ներկայացնում կոնկրետ արարք կատարելը կամ չկատարելը։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
