«Հայաստանը չպետք է սգա, այլ՝ ներկայացնի իր պահանջները». Զարուհի Փոստանջյան
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը: Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ այսօր Հայաստանը չպետք է սգա, պետք է ներկայացնի իր պահանջները. «Մենք վերածնվել ենք 100 տարի առաջ, մեր պապերը, տատերը փրկվեցին եւ տվեցին ծնունդ, այսօր ծնունդը շարունակելու ենք:Միայն սգալ ու պետություններից պահանջել ճանաչում, արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար, դրանք եւ նյութական են, եւ բարոյական, եւ տարածքային: Սա պետք է լինի մեր քաղաքականության ու արտաքին դիվանագիտության բաղկացուցիչ մասը: Մենք չպետք է այլեւս լռենք, մինչդեռ վերջին 25 տարիներին մենք միայն լռել ենք, լռել ենք ու սգել ենք: Մենք գիտենք, թե ով է Թուրքիան, նրա հետ մենք պետք է ունենանք ուրույն դիվանագիտություն»:
