Անպատիժ մնացող ցանկացած հանցանք կրկնության պատճառ կդառնա. Գարո Փայլանի ուղերձը
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ: «Մեծ եղեռնից 102 տարի է անցել, սակայն այս հողերի վրա իրականացված մեծ մարդկային հանցագործության` Հայոց ցեղասպանության հետ առերեսում դեռ չի եղել: Ցեղասպանության, անցյալի և իրականության հետ առերեսումը միայն կնպաստի մեր երկրում հասարակական խաղաղության ապահովմանը: Չմոռանանք, որ անպատիժ մնացող ցանկացած հանցանք կրկնության պատճառ կդառնա: Եվ շարունակում է դառնալ… Եկեք բոլորս միասին ընդդիմանանք գրված այս ժխտողական պատմությանը: Ապահովենք ճշմարտության բացահայտումը: Բուժվենք: Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ»:
