Պետք է մեր հարևաններին ցույց տանք, որ իրենց ուզածը չի ստացվում. Ռուբեն Վարդանյան
Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պետք է միանան և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը:«Ես վստահ եմ մի բանում, որ մենք՝ որպես ազգ, միայն կարող ենք լինել հաջող, եթե հաջողությամբ կարողանանք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները, իսկ այդ հաջողության համար մենք պետք է միանանք՝ և՛ սփյուռքը, և՛ Հայաստանը: Եւ մեր զարգացումով ու հաջողությամբ պետք է ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու, որ մենք շարունակում ենք մեր կյանքը, մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ և մենք անում ենք ամեն ինչ, որ աշխարհը, հիշելով այն, ինչ եղել է ապրիլին 102 տարի առաջ, նայելով մեզ՝ հասկանա, որ մենք ունենք 3000 և ավելի տարվա պատմություն, և մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս ու տալու ենք և շարունակելու ենք լինել վերածնունդի օրինակ»,- ասաց նա: Հարցին, թե քննադատություններ կան, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ կան, իսկ մենք խոսում են ենք Ցեղասպանությունից, որքանո՞վ են պաշտպանված ՀՀ-ում մարդու իրավունքները, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ինքը դրա մասնագետը չէ:
