Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 21-ի առավոտյան ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիային կոչ անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա տեղեկացմամբ՝ հայտարարության տակ ստորագրել են ավստրիական խորհրդարանի բոլոր վեց քաղաքական խմբակցությունները: Փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր և ընդգծվում հայերի ցեղասպանության հարցում Ավստրո-Հունգարիայի պատասխանատվությունը, որը, ինչպես հայտնի է, Գերմանիայի և Օսմանյան կայսրության դաշնակիցն էր: Հայտարարությունում, ինչպես տեղեկացրեց Պետո Դեմիրճյանը, ակնարկ է եղել նաև նրան, որ հայերի հետ միասին սպանդի են ենթարկվել Օսմանյան կայսրության մյուս փոքրամասնությունները: «Բանաձևը կոչ է անում Թուրքիային, որ անպայմանորեն առերեսվի իր անցյալի սև էջերին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դեմիրճյանը: Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որը կբացվի մեկ րոպե լռությամբ: Երևանում ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին Ավստրիան կներկայացնի Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
