«Պատրաստվում են ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը». Ամատունի Վիրաբյան
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Ազգային արխիվում պատրաստվում են ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը: Բանախոսը տեղեկացրեց նաև, որ շարունակում են աշխատել Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման ուղղությամբ: «Սա մի քանի տարվա գործ չի, այլ տարիների երկարաժամկետ աշխատանք, և այս պահին չեմ կարող ասել, թե երբ այն կավարտենք, քանի որ պարբերաբար նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս: Դա էլեկտրոնային տարբերակով է, և եթե որոշակի քանակի հասնենք, արդեն կհրապարակենք»,- ասաց Ամատունի Վիրաբյանը: Ինչպես տեղեկացնում է Ազգային արխիվի տնօրենը, աշխատանքները կատարվում են երկու ուղղություններով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ ևս փաստաթղթեր են պատրաստում՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, որի ավարտին Մոսկվայում տպագրվելու է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն, որտեղ նաև ընդգրկվելու են Ցեղասպանությանը վերաբերող փաստերը:
