«Արյուն է հետ տվել, ուշաթափվել է». Շվեդիայում մահացած հայ երիտասարդի մահվան եզրակացությունը պատրաստ է
«Իրավունքն» այսօր Շվեդիայում ոստիկանների անգործության հետեւանքով մահացած Դավիթ Բարսեղյանի փաստաբան Մարկ Սաֆարյանից տեղեկացավ, որ Դավիթ Բարսեղյանի մահվան դատաբժշկական եզրակացությունը պատրաստ է: «Մինչ մահվան պատճառը գրելը, եզրակացության մեջ կարդում ենք այն տեղեկատվությունը, որը ստացել են ոստիկաններից: Դավիթ Բարսեղյանը ձերբակալման ժամանակ եղել է գունաթափ, սառած, կծկված վիճակում: Ոստիկաններից ջուր է խնդրել: Ոստիկանները Դավիթ Բարսեղյանի պահվածքն ընկալել են ձերբակալման պատճառով հոգեպես ընկճված: Դուրս են հանել Դավիթին ոստիկանական մեքենայից եւ նստեցրել նստարանին: Այդ ընթացքում Բարսեղյանն ընկել է, միզել: Բայց երբ ոստիկանները գոռացել են նրա վրա, նա նորից ուղիղ նստել է: ԱյնուհետեւԴավիթին տարել են ոստիկանություն: Ոստիկանական շենք մտնելիս Դավիթ Բարսեղյանն ի վիճակի չի եղել ինքնուրույն քայլել: Դավիթի թեւերը մտած` ոստիկանները նրան խուց են մտցրել: Ոստիկանները Դավիթի պահվածքն ընկալել են պասիվ դիմադրություն, որպես սիմուլյանտություն: Ոստիկանության խցում Դավիթ Բարսեղյանին պառկեցրել են կողքի` գլուխը դեպի հատակը, որպեսզի չխեղդվի: Մինչ այդ Դավիթ Բարսեղյանն այնքան է հետ տվել, անգամ արյուն է փսխել, որ չի կարողացել ինքնուրույն պառկել: Եղել է ուշաթափված: Այս ամենը եղել է Շվեդիայի ժամանակով փետրվարի 5-ին 22: 18 րոպե: Իսկ մեկ ժամ անց` 23:11-ին, Դավիթին մահացած են գտել: Դավիթի բերանում հայտնաբերել են ստամոքսահյութի շատ մեծ ծավալ»,- մանրամասնեց փաստաբանը: Եզրակացության մեջ Մարկ Սաֆարյանի տեղեկացմամբ, գրել են, որ Դավիթ Բարսեղյանի մարմնի վրա արտաքին միջամտության հետք չկա. «Դավիթ Բարսեղյանի ուղեղում պատահական արնահոսություն է եղել: Բայց մահվան անմիջական պատճառը եղել է ստամոքսահյութը շնչելը: Դավիթ Բարսեղյանի օրգանիզմում չեն հայտնաբերել դեղեր, թրմանյութ, խմիչք»: Մարկ Սաֆարյանի խոսքով` դատաբժշկական եզրակացությունը հաստատում է վկաների խոսքերը: «Մենք գիտեինք, որ այսպես էլ եղել է: Եթե մարդն այդ վիճակում է, պետք է անմիջապես հիվանդանոց տանեին: Այն, ինչ գրված է եզրակացության մեջ, Դավիթ Բարսեղյանի իրավունքների խախտում է, անմարկդային վերաբերմունք: Մենք հիմա սպասում ենք դեպքի տեսագրություններին, քրեական գործի ավարտին: Դրանից հետո կավարտվի գործի նախաքննությունը եւ պարզ կլինի` քրեական գործ հարուցվո՞ւմ է, թե՞ ոչ»,- եզրափակեց փաստաբանը:
