ՀՀԿ-ի իշխանության օրոք տեղի է ունեցել չորս «դե».Ազատ Արշակյան
Խոսելով օրերս նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,թե նախագահի խոսքը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիներին մասամբ էր ուղղված, դա ուղղված էր իմպերիաներին: «Եթե երկրի ամենաբարձր պաշտոնյան, որը կարող է բոլոր խնդիրները բարձրաձայնել և լուծել, հանկարծ դիմում է հասարակությանն ու ասում, որ մեր երկրում կան դժվարություններ, այդ դեպքում ո՞ւմ է դիմում նա:Նա մասամբ դիմում է քաղաքացիներին ու ասում է՝ ես տեղյակ եմ, բայց ես չեմ դրանց պատճառը, ուրեմն՝ պատճառը դրսից է: Հայաստանում ՀՀԿ-ի իշխանության օրոք տեղի է ունեցել չորս «դե», առաջինը՝ դեպոպուլյացիա՝ արտագաղթ, երկրորդ՝ դեինդուստրիացիա՝ արդյունաբերությունը քայքայվում է, դեսոցիալիզացիա՝ կան օլիգարխներ ու մեկ միլիոնից ավելի աղքատ, ու դեսուվերենիզացիա՝ ԵՏՄ, անկախությունը պակասել է: Նա ասաց՝ դրանց տեղյակ եմ, բայց ես չեմ մեղավորը: Եթե նա գիտի խնդիրները, ու լծակներն իր ձեռքի տակ են, ուրեմն՝ պետք է գործի դնի. եթե նախագահն այդ լծակները գործի դնի, մենք՝ քաղաքացիներս, կասենք, որ՝ ձեզ կաջակցենք»,նշեց Արշակյանը և հավելեց,որ եթե նախագահը սկսի անել այն, ինչը խոստացավ, գուցե և չհասցնի, բայց «մենք կասենք՝ մնա վերջացրու», բայց եթե նա ոչինչ չանի, «մենք պետք է նայենք ժամացույցին, թե երբ է վերջանալու նրա պաշտոնավարման ժամկետը»: Բանախոսը նկատեց, որ նախագահն ասում է՝ ինչ անել, սակայն պետք է սկսել պարզել՝ ով է մեղավորը, որ այդ ամենը չի արվում, այդ խնդիրները չեն լուծվում. «Պետք է պարզել՝ ովքեր են երկրի տնտեսությունը քայքայում, ովքեր են նպաստում արտագաղթին, այդքան մեծ անհավասարություն ստեղծում մեր երկրում, դրանց պետք է պատժել: Համագյուղացիներով ձևավորվում է իշխանություն, այնինչ պետք է որակյալ լինի իշխանությունը, որ կարողանա դիմակայել բոլոր խնդրներին»:
