ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այս մասին ասված է Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդի` ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում, գրում է «Ասպարեզը»: «Թե՛ հայերի, թե՛ հրեաների հոլոքոստի դաժանության աստիճանն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Բոլորս պետք է հիշենք մի բան` պատմությունը չպետք է կրկնվի», - ասված է նամակում: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի ղեկավար Նորա Հովսեփյանը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նահանգապետին` պատմությանն արդարությամբ անդրադառնալու համար: «Այս ճանաչումով հարգանքի տուրք է մատուցվում նաև այն խիզախ վայոմինգցիներին, ովքեր աջակցում էին Ցեղասպանությունից փրկված հայ մանուկներին ապաստան տրամադրած մանկատներին»,- ասված է Հայ դատի հանձնախմբի պատասխան նամակում: Նշենք, որ Վայոմինգը ԱՄՆ 45-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
