Ինձ ասել են՝ Նիկոլ խելքին չընկնես, տանիքներին չթռվռաս.Ա.Բախշյան
Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքի-ի կողմից կազմակերպած «Նեմրա» ռոք խմբի բացօթյա համերգը շատ լուրջ ուղերձ է պարունակում իր մեջ, հայտնում է դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը։ «Ուղերձն այն է, որ «Ելք»-ը, բարձր ամբիցիաներ ունեցող երիտասարդներով, շատ լավ գիտի՝ ինչով է ուրախանում և հետաքրքրվում երիտասարդությունը։ Այս ուղերձն, իմ կարծիքով, հետևյալ միտքն է պարունակում, որ մենք գալիս ենք Երևանի իշխանությունը վերցնելու, մեծերի հոգսերը թեթևացնելու և երիտասարդների ուրախությունը բազմապատկելու համար», - նշեց Ա.Բախշյանը։ Մինչ համերգը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը հանրահավաքում ունեցած իր ելույթը սկսեց Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը» պատմությունը հիշեցնելով, որը պատմում էր երամին հակառակ թռչող ճայի մասին։ «Երամն ասում էր՝ անիմաստ ես թռչում, դու չես կարող հեռուներում ուտելիք գտնել,դու սովից կմեռնես: Ինքն ասում էր, չէ, ես կթռչեմ, հակառակ ձեր երամի, և ինքը ապացուցեց, որ կարող է թռչել ավելի հեռու և գտնել ուտելիք այն վայրերում, որտեղ իր երամի անդամները չեն կարող գտնել»,-ասաց Անահիտ Բախշյանն ու ավելացրեց, որ իր հետևում կանգնած թիմի յուրաքանչյուր երիտասարդ մի «Ջոնաթան Լիվինսգստոն ճայ է», որով ինքը հպարտանում է: Նրանք երամին հակառակ են գնում, ինչն այն աստիճան ոգևորող է Անահիտ Բախշյանի համար, որ ինքն էլ ուզում երիտասարդանալ ու թռչել. «Ինձ անգամ զգուշացրել են, որ խելքդ գլուխդ հավաքի, Նիկոլի խելքին չընկնես, տանիքների վրա չթռվռաս, ես էլ ասել եմ՝ շատ լավ էլ թռվռալու եմ, չեմ ընկնելու»:
