Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան
Tert.am-ը զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։ - Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունից հեռանալուց հետո ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ, այսպես ասած, առաջնահերթություններ ունեք հիմա: Ո՞ր ոլորտում Ձեզ կարող ենք տեսնել առաջիկայում: – Ազատ ժամանակս էապես ավելացել է և հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում և Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարևորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, և, հետևաբար, անելիքի պակաս չի լինում։ Միաժամանակ սա շատ լավ ժամանակահատված է անգլերենս կատարելագործելու համար, մի բան, որ վաղուց էի պլանավորել։ Հիմա դա էլ եմ հասցնում։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիք։ - Մամուլը Ձեր հրաժարականից առաջ և հետո հետևողականորեն գրում է, որ Դուք ընտանյոք հանդերձ արտագաղթել եք ԱՄՆ, խնդրում եմ մեկնաբանել։ – Դե Դուք էլ եք մամուլ ներկայացնում, կարծում եմ կգրեք, թե որտեղ եք հարցազրույց վերցրել։ Աշխարհում գարնանային Երևանից լավ ԱՄՆ չկա։ Իրականում որդիս որոշեց ուսումնառությունը շարունակել և ընդունվելով Հարվարդի համալսարան՝ ժամանակավորապես Բոստոնում է, միգուցե դա էր առիթը նման տեղեկությունների տարածման համար։ Բայց խնդիր չէ, իհարկե, կարծում եմ՝ շատ արագ կուղղվի սխալմունքի թողած էֆեկտը։ - Դուք անմասն մնացիք ապրիլի 2-ի ընտրություններից՝ ներգրավված չլինելով քաղաքական գործընթացների մեջ, չպաշտպանելով որևէ թեկնածուի Հանրապետական կամ այլ կուսակցություններից: Ինչո՞ւ, Ձեզ քաղաքականությունից դո՞ւրս եք համարում: Համեմատության համար ասեմ, որ Ձեզ հետ միասին «հին» կառավարությունից հետո գործադիրից հեռացած տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, օրինակ, ակտիվ ներգրավված էր իր եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի աշխատանքներին: - Խորհրդարանական ընտրությունները կարևորագույն գործընթաց է մեր պետության կյանքում և, իհարկե, չի կարող անտարբեր թողնել որևէ ակտիվ քաղաքացու։ Ես էլ ինձ ակտիվ քաղաքացի եմ համարում և իմ պատկերացումների շրջանակում, իհարկե, ակտիվ եմ եղել թե՛ իմ շրջապատի, թե՛ իմ ընկերների, թե՛ իմ կարծիքը հաշվի առնող բազմաթիվ մեր համաքաղաքացիներին իմ դիրքորոշումը ներկայացնելու հարցում։
