Հայաստանի ներկայացուցչի նշանակումը որքան խնդրի լուծում է, նույնքան էլ կարող է խնդրի բարդացում լինել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը, նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը որքան խնդրի լուծում է, նույնքան էլ կարող է խնդրի բարդացում լինել: Ըստ նրա՝ Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի արվելիք որևէ հայտարարությունը: «Յուրի Խաչատուրովը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնին: Նա այլևս միջազգային պաշտոնյա է և ունի իր սահմանափակումներն ու կանոնները: Ինչպես նաև դիրքորոշում հայտնելու կանոններ կան, ինքը մինչև դիրքորոշում հայտնելը համաձայնեցնում է այն անդամ մյուս երկրների հետ», – ասաց Վիգեն Սարգսյանը:
