Քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտնելու. Շարմազանով
«ՀՀԿ ԳՄ հերթական նիստում քննարկվել և ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին: Վաղն արդեն պաշտոնական քարոզչության առաջին օրն է: Նախընտրական ծրագիրը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով է»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մենք քարոզարշավն սկսելու ենք աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն,հայտնեց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Ներկայացվելու են ՀՀԿ-ի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև նոր ռազմավարությունը: «Քարոզչությունը սկսվելու է Էրեբունի վարչական շրջանից, զբաղվելու ենք ակտիվ քարոզչությամբ, նախընտրել ենք ուղղակի բակային հանդպումների քարոզչությունը ու յուրաքանչյուր քարոզչական օր կհանդիպենք 4-ից 6 բակերում», - ասաց ՀՀԿ խոսնակը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուի՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի քաղաքացիների միջև միջնորդներ պետք չեն։ Էդուրադ Շարմազանովի խոսքով, ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ։Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք երկու այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին, նրանց քաղաքական դերակատարությանը, հատկապես, որ վերջինի համար սա քաղաքական դեբյուտ է»,- ասաց նա:
