Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ չի փախել, հիմա էլ չի փախչի. Ավետիս Քալաշյան
Սամվել Բաբայայանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը վերաքննիչ դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 10։00-ին։ Լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Ինչպես նշեց՝ Սամվել Բաբայանը դատարանում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ այն անհիմն է: Պաշտպանի խոսքով, Սամվել Բաբայանը դատարանին խնդրել է արդարացի որոշում կայացնել, քանի որ նման արարք չի կատարել: «Նա ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Թե դատախազը, թե քննիչն առարկեցին՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումն օրինական եւ հիմնավոր է»,- նշեց նա:
