Ես զարմացա, որ իմացա ինձ են փնտրում. անհետացած զինծառայող
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Լոշմանովին հայ իրավապահները քիչ առաջ հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը: Այս մասին hraparak.am-ին փոխանցեցին Շիրակի մարզի դատախազությունից: Ո՞ւր էր շուրջ 4 օր անհետացած զինծառայողը, ում անգամ ուղղաթիռներով էին փնտրում: Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ճիշտ է, որ գիշերային ակումբում է եղել, ծանոթացել մի մերկապարուհու հետ եւ նրա տանն է եղել, ինչպես մամուլում է շրջանառվում, դատախազությունից պատասխանեցին. «Ըստ ցուցմունքի՝ Մուշ-2 թաղամասի իր ծառայակցի կողմից վարձակալած բնակարանում է եղել, ողջ առողջ է, առանց մարմնական վնասվածքների»: Այլ մարամասներ մեզ հաջողվեց պարզել ոստիկանության մեր աղբյուրից: Նա պատմեց, որ Լոշմանովին գտել են շատ պատահական, երբ խանութներից մեկում առևտուր անելիս է եղել: «Որ մերոնք կանչել են, էնպես էլ զարմացել է, թե ոստիկաններն իր հետ ինչ գործ ունեն, ասել են էս եղավ 4 օր կոտորվանք քեզ ման գալով, զարմացել է: Ոստիկանությունում էլ ասավ. «Ես զարմացա, որ ինձ են փնտրում»»: Հիշեցնենք, որ Դմիտրի Լոշմանովը անհետացել էր ապրիլի 16-ին, իսկ ապրիլի 18-ի առավոտյան ռազմաբազայի հրամանատարությունը Մուշի ոստիկանություն էր դիմել՝ նրան փնտրելու համար: Ռուս զինծառայողի անհետացման լուրը Գյումրիում հերթական վախի մթնոլորտն էր ստեղծել: Գյումրեցիներն անգամ երեխաներին բակ դուրս գալ չէին թողնում, դպրոց ուղեկցում էին ծնողները:
