Տեղավորվեք ձեր լիմիտի մեջ. Վարչապետ
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին որոշման նախագիծ:
Կարեն Կարապետյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են բաշխվել տեղերը:
«Տեղերը ձևավորվում են ըստ ուսումնական հաստատությունների հայտերի», - պատասխանեց փոխնախարարը:
«Ուսումնական հաստատությունների համար ինչքան շատ լինի, այդքան լավ: Տրամաբանություն չկա, շուկայի վրա էլ արձագանքը մինիմալ է լինելու: Իրանք շուկայի պահանջարկը չեն էլ նայում, իհարկե, որոշ բուհեր, ոչ բոլորը, բայց շատ են: Կա՞ էդ անալիզը, իրականում այսքան փող ենք տվել: Մագիստրանտ, ասպիրանտ, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց», - հարցրեց վարչապետը:
Իրավիճակի վերաբերյալ հետազոտություններ չեն արվել,ասաց փոխնախարարը:
«Բա էդ դեպքում էս նախագիծը բերում եք, բյուջեից լրացուցիչ փող եք ուզում, ինչի՞ եք ուզում: Տեղավորվեք ձեր լիմիտի մեջ, նամանավանդ, որ հիմնավորում չունեք, որ դա պետք է», - ասաց Կ. Կարապետյանը:
«Ճիշտը՝ չգիտեմ, պարոն վարչապետ, բայց որ այս իրավիճակում դա նպատակահարմար է, դա հաստատ է», -ասաց Մկրտչյանը:
«Ասում է՝ ճիշտը չգիտեմ, բայց որ պետք ա, էդ հաստատ, լավ»,-ծիծաղելով ասաց վարչապետը:
