«9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա». վարչապետ
« Բազմիցս նշել ենք՝ ՀՀ բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ:Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց ճանապարհաշինության և միասնական երթուղային ցանցի վերաբերյալ: «Տվյալ խնդիրների շուրջ ունեցել ենք քննարկումներ՝ վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մեր այցի ընթացքում: Հաշվի առնելով նշված խնդիրների կարևորությունը՝ հանձնարարում եմ՝ առաջինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ, գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը 5-10 տարի, եթե անհրաժեշտ է, նույնիսկ ավել երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը: ՀՀ մարզպետներին նա հանձնարարեց երկու շաբաթվա ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն ՀՀ-ում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքների ուղևորահոսքի վերաբերյալ:Մինչև 2017թ. հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը, հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահության ճանապարհային նշաններին: «Այցերի ժամանակ բազմից 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Համապատասխանաբար կազմակերպեք այդ հսկողությունը՝ ներգրավելով մեր տեղական ինքնակառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է»,- ասաց վարչապետը:
