Սերժ Սարգսյան. «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ազգ-բանակ-2017» համաժողովում Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ: Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ: Այդպիսին է նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է: Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ: Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն:
