Պարզվել է հիվանդանոց տեղափոխված վարորդների ու վիրավորների ինքնությունը. տեսանյութ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ոստիկանության Վաղարշապատի ծառայողները պարզել են՝ երեկ՝ ապրիլի 18-ին, Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված УАЗ-ի և ЗИЛ-ի վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ УАЗ-ը վարել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 58-ամյա Վահան Բադալյանը, իսկ ЗИЛ 130-ը վարել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 35-ամյա Տոլիկ Օհանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդներն ու Վ. Բադալյանի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Սուրեն Բադալյանը, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Էլդար Բադալյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Գալստյանը, ովքեր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Տ. Օհանյանի ուղևոր, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակկչ, 35-ամյա Սևակ Վիրաբյանը՝ Աշտարակի բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին УАЗ մակնիշի 94 QO 999 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 17 ՕԼ 612 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Էջմիածնի բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց էին տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։ Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայության մայոր Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։ «Վիլիս»-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վիրավորներից 2-ն էլ ավտոմեքենայից դուրս էին շպրտվել։ Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գիրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
