«Քաոտիկ Թուրքիան Հայաստանի համար ձեռնտու չէ». Արման Նավասարդյան
Ավտորիտար համակարգ ունեցող Թուրքիան ավելի անվտանգ է Հայաստանի համար, քան սահմաններում քաոտիկ վիճակ ունեցող Թուրքիան: Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում խոսելով նոր սահմանադրությամբ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ Էրդողանը լինելով միահեծան ղեկավար՝ կարող է անել այն, ինչ ցանկանում է: Պարոն Նավասարդյանն այն կարծիքին է, որ հանրաքվեն կարող է լուրջ փոփոխություններ մտցնել նրա արտաքին քաղաքականության մեջ: «1923թ. այս կողմ Թուրքիան ուներ աշխարհիկ հարաբերություններ աշխարհի հետ, հիմա անցում է կատարում տոտալիտար, ավտորիտար ռեժիմի։ Թուրքիայի` եվրոպական ուղղության մեջ անշրջելի իրողություն է կատարվում. Թուրքիան ցանկանում է մահապատժի դրույթը մտցնել, որը նրան կհեռացնի եվրոպական ընտանիքից։ Էրդողանը ցանկանում է դառնալ սունի աշխարհի առաջնորդ, յուրատեսակ սուլթան, որ ցանկանում է Թուրքիայի ուղղությունը փոխել»,- ասաց նա: Ըստ նրա` սխալ է ստերեոտիպը, թե որքան Թուրքիայում վատ լինի իրավիճակը, այնքան Հայաստանի համար լավ է. «Սա պարզունակ ու վուլգար բացատրություն է քաղաքական խնդիրներին։ Քաոտիկ Թուրքիան Հայաստանի համար ձեռնտու չէ»:
