«Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը». Մարին Լը Պեն
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին Լը Պենը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում: «1915թ. բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեցան նաև Առաջին աշխարհամարտից հետո մեր երկրի վերակառուցման գործում և կատարյալ կերպով ասիմիլացվեցին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը չպետք է ընդգրկվի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական օրացույցում, քանի որ նման օրերը պետք է առնչվեն միայն ֆրանսիացիների կոլեկտիվ հիշողությանը: Ինձ համար կարևոր է, որ 1915թ. ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը: Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ և հաջողությամբ ինտեգրվեցին»,-նշել է Մարին Լը Պենը: Մարին Լը Պենը նաև դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Նա հիշեցրել է, որ «Ազգայն ճակատից» ընտրված եվրապատգամավորները մշտապես դեմ են քվեարկել Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցություններում նոր գլուխների բացմանը: Լը Պենը նշում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարում ինքը միակ թեկնածուն է, որ այս հարցում ունի հստակ և անփոփոխ դիրքորոշում:
