«Օլիգարխներն էլ իր ստեղծածն են...»
«Հայաստանի հանրապետությունում բոլոր որոշումները ընդունում են Սերժ Սարգսյանը և Վենետիկի հանձնաժողովը: Ոչ մի տարօրինակ բան չի արձանագրվել: Ամեն բան բնական է»,-Հայելի. am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ համակարգում նախկին և նոր պետերի պաշտոնների նորամուտին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը : Գիմիշյանը արձանագրում է, որ այս նշանակումները որևէ կապ չունեն մեր երկրի և ժողովրդի հետ և ոչ մի բան չի փոխվելու համակարգում: «Արդեն կարևոր չէ, թե հիշյալ պաշտոնը ո՞վ կզբաղեցնի: Կարևոր բաները միևնույնն է անտեսվում են: Սերժ Սարգսյանն է որոշողը: Իսկ նրան շրջապատող օլիգարխները նույնպես նրա շնորհիվ են առաջընթաց ապրում: Երբ որոշի, որ նրանք չլինեն` չեն լինի: Դա միանշանակ է: Այլ տեսություն չի կարող լինել»,-ընդգծեց Գիմիշյանը: Գիմիշյանը հետևելով ներքաղաքական զարգացումներին գրանցում է յուրաքանչյուր քիչ թե շատ կարևոր իրադարձություն: Նա անդրադարձավ նաև ՀՀ նախագահի երեկ` փետրվարի 12-ին հնչեցրած ելույթին , որը առնչվում էր Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը: «Սերժ Սարգսյանը ասում էր բաներ, որոնք մեր երկրի հետ առհասարակ կապ չունեն: Մեր երկրում վերջին տարիներին այլ բան չի արձնագրվում: Այդպես եղել է ու պետք է հասկանալ, որ նոր խոսք, նոր միտք, նոր գաղափար չկա: Այդ փոփոխությունները ոչ մի նշանակություն չունեն: Նախագահի խոսքում նոր բան չկար: Մանավանդ խոսքը չէ կարևորը: Եթե անգամ ճշտանման մի բան ասում են` անում են հակառակը: Կա մի թիմ, որը միասնաբար այս սուտը առաջ է տանում »,- նկատեց Գիմիշյանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը այնուամենայնիվ լավատես է.«Դեռ գալու են լավ ժամանակներ: Պետք է հավատալ ու առաջ գնալ»,-եզրափակեց Սոս Գիմիշյանը: Աստղիկ Ավագյան
