Պետության անվտանգությունն է խաթարվում
«Կոալիցիաները ձևավորվում են ոչ թե ընտրություններից առաջ, կամ հետո, այլ սկզբունքների և նպատակների հիման վրա»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Շիրինյանը նկատում է, որ կոալիցիաները, որպես կանոն, ձևավորվում են քաղաքական որոշ պարամետրերի վրա. «Եթե օրինակ բերեմ, ապա` աջեր, ինչպիսին հանրապետական կուսակցությունն է, կամ ձախեր, ինչպիսին դաշնակցական կուսակցությունն է: Այսինքն, Հայաստանում այս ամուսնությունը խիստ անբնական է և պետության շահերին դեմ: Սա նույնն է, որ Անգլիայում, որը դասական քաղաքական պետություն է, լեյգորիստներն ու կոնսերվատորներն իրար հետ ամուսնանային: Դա հնարավոր բան է, բայց հանուն պետության անվտանգության չեն գնա դրան: Թագուհին էլ թույլ չի տա»,-ընդգծեց քաղաքագետը: Քաղաքագետի խոսքով` դաշնակցությունը դիմում է հանրապետական կուսակցության ողորմածությանը` գնալով անբնական ամուսնության, քանի որ դաշնակցությունը պետք է ստեղծեր բնական օպոզիցիա, որով կհամախմբեր սոցիալիստներին: «Այստեղ անձնական և կուսակցական շահերի համար գործարք է կայանում, որը պետության հետ ոչ մի կապ չունի և առնչություն չունի անվտանգության հետ: Փաստում եմ, որ այս միավորումը վտանգում է Հայաստանի հանրապետության առողջ զարգացումը: Դաշնակցականները կարող էին ողորմածություն չակնկալել, բայց նրանք այս քայլին գնացին անձնական բարեկեցությունը պահելու համար»,-նշեց Շիրինյանը: Շիրինյանը անդրադարձավ գերմանացի քաղաքագետ Միխելսի դիտարկմանը, որը առնչվում է նմանատիպ իրավիճակին.«Միխելսի գնահատականով, երբ կուսակցությունների ղեկավարությունը երկար ժամանակ չի փոխվում, ուրեմն նա օլիգարխանում է: Նկատենք, որ սա վերաբերվում է դաշնակցությանը:Ստացվում է, որ այս միավորումը չի բխում գաղափարից ու պետության շահերից»: Շիրինյանը ավելացրեց, որ 1907 թվականից ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է և Սոցինտեռնի անդամ: Քաղաքագետը պորտֆելների բաշխումը շատ էական չի համարում: «Աշոտյանի համար պորտֆել կգտնվի:Երկու նախարարական պորտֆել կավելացնեն: Հայաստանում դա խնդիր չէ»,-խոսելով ԿԳ նախարարի պորտֆելը զիջելու մասին ասաց քաղաքագետը: Լուսինե Ղազարյան
