Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութ-սրահները ստուգվո՞ւմ են/տեսանյութ/
«Մեզ մոտ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում, և առանձնահատուկ ուսումնասիրություններ չկան»,-այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն, կառավարության նիստից հետո, լրագրողների ուղղած հարցին, թե Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութ-սրահներում ստուգումներ են սկսվել: Շաբոյանը ընդգծեց, որ լայնածավալ ստուգումներ են իրականացվում պետական գնումների ոլորտում, սակայն խոշոր ընկերությունները մշտապես գտնվում են իրենց հսկողության տակ: Նա նշեց, որ սպառողին հուզող բոլոր խնդիրների, հարցերի պատասխանը տրվում է, և իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակային են, քանի որ դրանք դրվում են ՏՄՊՊ կայք-էջում: Արտակ Շաբոյանն անդրադարձավ նաև բենզինի գնին` նշելով, թե այդ շուկան մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում և գնային չարաշահումների դեպքում իրենք կարձագանքեն: Հարցին, թե «Ռոսնևթ» ընկերությունն ի՞նչ գնով է Հայաստանին բենզին մատակարարում, Շաբոյանը չպատասխանեց` ասելով, թե այս պահին իր մոտ տվյալներ չկան: Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կետրին» ընկերությունից բացի, հայկական շուկայում ուրիշ մեկը չկա, Շաբոյանը պատասխանեց «Հայաստան բանանի ներմուծման շուկայում հովանավորչության փաստեր չեն գրանցվել: Մեր հանձնաժողովին չի հետաքրքրում, թե ով է ընկերության հիմնադիրը կամ բաժնետերը։ Մենք միանման ենք նրանց նկատմամբ կիրառում ազգային օրենսդրությունը։ Իսկ եթե ձեռներեցները շուկա մտնելիս բախվում են արգելքների, նրանք կարող են դիմել մեզ»։ Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
