«Մենք մտադիր չենք, ոչ միայն 60 միլիոն, այլ 60 լումա վճարել». ՀՀԿ-ական տնօրեններն ընդդեմ Իոաննիսյանի հայցերը վարույթ են ընդունվել
Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների հայցն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի վարույթ է ընդունվել: Բոլոր 30 հայցերը վարույթ են ընդունվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մակագրվել նույն դատարանի դատավորներին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործով արդեն նախնական դատական նիստի օրեր են նշանակվել: Այսպիսով՝ հայցերը կքննվեն սույն թվականի հուլիսի 17-ից: «ՀԺ»-ի հետ զրույցում գործով պատասխանող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արդեն ստացել է հայցադիմումների մի մասը: – Դանիել, իսկ հայցադիմումում փոխհատուցման պահանջի մասով ինչ-որ մանրամասներ կա՞ն ներկայացված: – Որեւէ կերպ գումարի չափ, հիմնավորում չկա: Հայցադիմումները առհասարակ բավականին համեստ են գրված, կարող էին ավելի հիմնավոր գրվել, մի քիչ կոռեկտ արտահայտվեմ էլի (ծիծաղում է): – Դուք հրապարակել էիք 114 տնօրենի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, սակայն հայց են ներկայացրել նրանցից 30-ը: Ըստ ձեզ, ինչո՞ւ 30 տնօրենին մյուսները չեն միացել: – Պատկերացրեք՝ դուք տնօրեն եք եւ կյանքի բերումով ստիպված եք դառնալ Հանրապետական, ցուցակներ եք հավաքագրում ու ձեզ ինչ-որ պայծառ օր դրա վրա բռնացնում են, դուք հայտնվում եք կիզակետում: Դուք կցանկանայի՞ք արդյոք հետո այդ թեման նորից բարձրացնել, դուք կցանկանայի՞ք ձեր անունը նորից շրջանառվի, եւ վերջապես կցանկանայի՞ք հայտնվել քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: Ես չեմ բացառում, որ 84 տնօրեն ուղղակի հրաժարվել է հայցադիմում ներկայացնելուց: – Դանիել, հաշվի առնելով մեր դատական համակարգը, որեւէ ակնկալիք ունե՞ք դատարանից, որ հօգուտ ձեզ որոշում կկայացվի: – Հայաստանը խնդիրներ կունենա, եթե հանկարծ դատարանները որոշեն բավարարել անհիմն հայցերը եւ այս աղմկահարույց գործով ապօրինի որոշում կայացնել: Դրանից ելնելով՝ մենք անհանգստանալու կարիք չունենք: – Ի՞նչ խնդիրներ կունենա Հայաստանը: – Միջազգային հեղինակությունը շատ ուժեղ անկում կապրի, որովհետեւ խոսքի ազատության իրացման դեմ ուղղված գործողություն կլինի, միջազգային հանրությունը, չեմ կարծում, որ աչք փակի այս մոտեցման վրա: – Իսկ եթե որոշում կայացվի վճարել փոխհատուցման գումարը՝ 60 միլիոն դրամ, վճարելո՞ւ եք: – Մենք մտադիր չենք, ոչ միայն 60 միլիոն, այլ 60 լումա վճարել: – Այսինքն՝ եթե օրինական ուժի մեջ մտնի որոշումը, ի՞նչ եք անելու: – Ես վստահ եմ՝ գործը դրան չի հասնի, հենց առաջին ատյանի դատարանը մեր օգտին որոշում կկայացնի, եթե՝ ոչ, ապա վստահ եմ վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում հօգուտ մեզ որոշում կկայացվի: Մենք կբողոքարկենք դատարանի որոշումները, կգնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
